Իզաբել Բասոնգ
Իզաբել Բասոնգ | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Isabelle Akoumba Monneyang |
Ծնվել է | փետրվարի 9, 1937 |
Ծննդավայր | Էբոլովա, Կամերուն |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 2006 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բրյուսել, Բելգիա |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Կամերուն |
Կուսակցություն | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
Ժաննա Իզաբել Մարգերիտ Բասոնգ (ֆր՝. Jeanne Isabelle Marguerite Bassong, ըստ ծննդյան վկայականի՝ Ժաննա Իզաբել Մարգերիտ Ակումբա Մոնեյանգ, փետրվարի 9, 1937, Էբոլովա, Կամերուն - նոյեմբերի 9, 2006, Բրյուսել, Բելգիա), կամերունցի լեզվաբան, դիվանագետ, դեսպան, որն իր հայրենի երկիրը տասնյոթ տարի ներկայացրել է Բենիլյուքսի երկրներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբել Բասոնգը ծնվել է Կամերունի Հանրապետության հարավային տարածաշրջանի Էբոլովա քաղաքում։ Հայրը քաղծառայող էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Իզաբելը միջնակարգ կրթությունն ստացել է Դուալա քաղաքի դպրոցում, ապա մեկնել է Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու Կաոր քաղաքում, որտեղ ստացել է փորձարարական գիտությունների բակալավրի որակավորում։ Այնուհետև լեզվաբանության բնագավառում բարձրագույն կրթություն է ստացել փարիզյան նշանավոր՝ Սորբոնի համալսարանում։ Այդ ոլորտում նա իր գիտելիքներն ու հմտություններն ավելի է կատարելագործել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադոյի համալսարանում, որն ավարտել է Master of Science in Linguistics որակավորումով[1]։
1964 թվականին վերադառնալով հայրենիք՝ նշանակվել է Կամերունի Ազգային ժողովի լեզվաբանական ծառայությունների տնօրեն։ Դրանից քսան տարի անց՝ 1986 թվականին նրան վստահվել է հանրային առողջապահության պետական քարտուղարի (նախարարի) պաշտոնը։ 1980-ական թվականների վերջին նա անցել է դիվանագիտական աշխատանքի՝ 1989-2006 թթ. ծառայելով որպես Կամերունի Հանրապետության դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և եվրոպական համագործակցությունում։ Լինելով Բրյուսելում ամենաերկար ծառայած դեսպաններից մեկը՝ նրան է վստահվել աֆրիկյան, Կարիբյան ավազանի ու խաղաղօվկիանոսյան պետությունների խմբի դեսպանների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Իզաբել Բասոնգը իր երկիրը ներկայացրել և իր պետության շահերը պաշտպանել է անչափ կարևոր, առանցքային բանակցություններում (Լոմեի 1990 թ. չորրորդ կոնվենցիա, 1995 թվականի վերանայված կոնվենցիա, Կոտոնուի 2000 թվականի համաձայնագիր...): Նա Կամերուն պետության շահերը պաշտպանել է նաև Հաագայի միջազգային դատարանում՝ Բակասի թերակղզու պատկանելության կապակցությամբ Նիգերիայի հետ երկարատև դատական վեճի ընթացքում հանդես գալով որպես իր երկրի փաստաբան[2]։
Այս ամենի հետ մեկտեղ Բասոնգը Կամերունի «Ժողովրդադեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավարներից էր, ուղղորդում էր և համակարգում քարոզչության, տեղեկատվության ուղղությամբ և մամուլի հետ տարվող կուսակցական աշխատանքները։
Իզաբել Բասոնգը վախճանվել է կյանքի 69-րդ տարում, Բրյուսելում[1][3]։ Նրա մահվան կապակցությամբ տեղի է ունեցել սգո պաշտոնական երկու արարողություն. մեկը՝ Բրյուսելում, մյուսը՝ Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, որտեղ էլ հուղարկավորվել է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Embassy of Cameroon to Belgium. «Programme officiel des obsèques de Madame Isabelle Bassong». Cameroon-Info.Net. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «Until we meet again: Homage to Isabelle Bassong» (PDF). The Courier. July–August 2007. էջ 36.
- ↑ DeLancey, Mark Dike; Mbuh, Rebecca; Delancey, Mark W. (2010). Historical Dictionary of the Republic of Cameroon. Scarecrow Press. էջ 64. ISBN 978-0-8108-7399-5.